March 13

Ռիպսիմե եկեղեցի

Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում:       Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա  կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից  նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին:  Կույսերի նահատակման տեղում,  հետագայում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցում են վկայարան` կիսագետնափոր հանգստարան, վրան` քարաշեն չորս սյուներով ամպհովանի: Գր. Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս կույսերին դասում է սրբերի շարքը, իսկ նրանց նահատակման օրը մտցնում եկեղեցու տասնյակի մեջ: Հետագայում` 618 թ.,  վկայարանի վրա Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսը կառուցում է  Հռիփսիմեի եկեղեցին, որի մասին պահպանվել են Կոմիտաս կաթողիկոսի շինարարական երկու արձանագրությունները:

Տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին: Այն  ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի հատվածքի անկյունային խորշերով: Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ: Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ, անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով:        Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը` չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղարվեստական կերպարի  արտահայտման  հիմնական միջոցն է: Այն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10,1մ) բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածի ուղղանիստ ծավալներից մինչև գմբեթի վեղարը` ծավալների ներդաշնակ անցումներով:


Posted March 13, 2024 by miakarapetyan in category Հայերենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*